Նորություններ
2026-10-12 17:35:19
Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում․ մենագրության քննարկում Արար հիմնադրամի նախաձեռնությամբ
Հոկտեմբերի 8-ին «Արար» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր Մարինա Գալստյանի «Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» մենագրության քննարկումը։
Հանդիպման նպատակն էր երիտասարդության, կրթության, գիտության և հարակից ոլորտների մասնագետների, փորձագետների հետ քննարկելու մենագրության մեջ ամփոփված ՀՀ երիտասարդների շրջանում իրականացված հետազոտության արդյունքները։
«ԱՐԱՐ» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ հիմնադրամը մշտապես կարևորում է ոլորտային, այդ թվում երիտասարդների շրջանում իրականացված նման ուսումնասիրությունները։
Մարինա Գալստյանը ներկայացրեց մենագրության հիմնական ասելիքը՝ ընդգծելով, որ այն միայն հետազոտություն չէ, այլ փորձ է հասկանալու, թե ինչ է նշանակում լինել երիտասարդ ճգնաժամերի համատեքստում, այդ թվում հետպատերազմյան հասարակություններում։
Հանդիպման ներկաները հարցերի և մեկնաբանությունների միջոցով խորությամբ քննարկեցին երիտասարդների մասնագիտական կողմնորոշման, կրթության, քաղաքական և քաղաքացիական մասնակցության, զբաղվածության, հոգեկան առողջության վերաբերյալ հետազոտական տվյալները։ Մասնավորապես հանդիպման մասնակիցները հետաքրքրվեցին, թե որ գործոններն են ազդում այսօր երիտասարդների մասնագիտական կողմնորոշման վրա, ինչպես է մասնագիտական կրթություն ստանալուն զուգահեռ աշխատաշուկա մուտք գործելը ազդում մասնագիտական ինքնության ձևավորման վրա, արդյոք մասնագիտությամբ չաշխատելը օգնում է, խոչընդոտում է կրթության որակին։ Կարևոր քննարկում ծավալվեց նաև երիտասարդների քաղաքացիական և քաղաքական մասնակցությանը խոչընդոտող գործոնների շուրջ։ Ներկաները ընդգծեցին, որ կարևոր է նաև հասկանալ, թե որքանով են Հայաստանի երիտասարդները կրում գլոբալ ազդեցությունները, որոնք են միջազգային միտումները, որոնք են հենց Հայաստանի երիտասարդների առանձնահատկությունները։
Հիշեցնենք, որ մենագրությունը պատրաստվել է «Հայաստանի երիտասարդները հետպատերազմյան Հայաստանում. հետազոտություն և դիսկուրս» նախագծի շրջանակներում, որն իրականացվել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Մարինա Գալստյանի ղեկավարությամբ և Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։ Նախագիծը հնարավոր է դարձել Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան աջակցությամբ։ Արտահայտված տեսակետները և մոտեցումները պատկանում են միայն հեղինակին և պարտադիր չէ, որ արտացոլեն Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան դիրքորոշումը։
Շնորհակալություն ենք հայտնում «Արար» հիմնադրամին հանդիպման նախաձեռնության և կազմակերպման համար, ինչպես նաև բոլոր ներկաներին մասնագիտական խորքային քննարկման և դիտարկումների համար։
Շնորհակալություն ենք հայտնում հանդիպման լուսաբանումների համար։
Երբ երիտասարդը ստիպված է ինքնուրույն կողմնորոշվել անորոշ միջավայրում
ORAGIR.NEWS, Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում
Հետ գնալ