Նորություններ
2026-09-08 19:24:11
Մասնակցություն European Sociological Association (ESA) 2026 գիտաժողովին
2026 թվականի օգոստոսի 25-28 Վարշավայում տեղի ունեցավ European Sociological Association (ESA) 2026 միջազգային գիտաժողովը, որը համախմբեց Եվրոպայից և աշխարհի տարբեր երկրներից սոցիոլոգների ու սոցիալական գիտությունների հետազոտողների՝ քննարկելու ժամանակակից հասարակությունների առջև ծառացած կարևորագույն մարտահրավերները: ESA 17-րդ գիտաժողովը կրում էր Strengthening Democracies: Social Action, Solidarity, and Sustainable Futures խորագիրը։
Գիտաժողովին մասնակցեց նաև մեր կենտրոնից Մարինա Գալստյանը՝ ներկայացնելով Հայաստանի երիտասարդության վերաբերյալ իրականացված հետազոտության հիմնական արդյունքները՝ անդրադառնալով հետպատերազմյան Հայաստանում երիտասարդների սոցիալական ադապտացիային, անկախության ձևավորման գործընթացներին, անորոշության պայմաններում կենսագրական անցումներին և ապագայի վերաբերյալ պատկերացումներին։
ESA 2026-ը կարևոր հարթակ էր հետազոտության միջազգային գիտական շրջանառության ընդլայնման, մասնագիտական քննարկումների և նոր գիտական կապերի ձևավորման համար։ Գիտաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումները հնարավորություն ընձեռեցին Հայաստանի երիտասարդության փորձառությունները ներկայացնել միջազգային սոցիոլոգիական հանրությանը և դրանք դիտարկել համեմատական ու ավելի լայն եվրոպական համատեքստում։
European Sociological Association-ի գիտաժողովին մասնակցությունը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի երիտասարդության վերաբերյալ իրականացվող հետազոտությունների միջազգային տեսանելիության և սոցիոլոգիական գիտության ոլորտում Հայաստանի գիտական ներկայության ամրապնդման ուղղությամբ։
Կարևոր ձեռքբերում է նաև, որ այս տարի հունիսին Հայաստանի երիտասարդների շրջանում իրականացված մեր կենտրոնի հետազոտության արդյունքները ներկայացնող հոդվածը հրատարակվել է European Sociological Association-ի The European Sociologist ամսագրի հատուկ համարում (Issue 54 ∙ Sociological Perspectives on War and Peace)։
Հետ գնալ