Նորություններ
2026-04-17 13:16:39
Հետազոտությունից դեպի երիտասարդական քաղաքականություն․ երիտասարդական ուսումնասիրության արդյունքների շուրջ քննարկում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում
Ապրիլի 10-ին Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի ներկայացուցիչներ Մարինա Գալստյանը և Արևիկ Համբարձումյանը հանդիպում ունեցան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Զարա Ասլանյանի և վարչության պետի տեղակալ Արմենուհի Պետրոսյանի հետ։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել Կենտրոնի կողմից Հայաստանի երիտասարդների շրջանում իրականացված հետազոտության հիմնական արդյունքները, ինչպես նաև քննարկել դրանց կիրառական նշանակությունը պետական երիտասարդական քաղաքականության մշակման համատեքստում։ Այժմ աշխատում ենք հետազոտական արդյունքների վերլուծության ուղղությամբ և հանդիպման ընթացքում ներկայացված առաջարկները ևս հաշվի կառնվեն։
Քննարկման ընթացքում ներկայացվեցին երիտասարդների կյանքի հիմնական միտումները, առկա մարտահրավերները և կարիքների դինամիկան, որոնք կարող են ծառայել որպես հիմք՝ երիտասարդական քաղաքականության առավել նպատակային և տվյալահեն մշակման համար։
Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն համատեղ մշակել երիտասարդական կենտրոնների կողմից երիտասարդներին տրամադրվող ծառայությունների շրջանակը՝ հիմնվելով հետազոտության արդյունքների վրա։ Այդ գործընթացը միտված է լինելու ծառայությունների արդյունավետության բարձրացմանը, դրանց հասցեականության ապահովմանը և երիտասարդների իրական կարիքներին համահունչ միջավայրի ձևավորմանը։ Նշենք, որ ըստ ՀՀ
կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի՝ նախատեսվում է մինչև 2026 թ․ մարզերում հիմնել 25 երիտասարդական կենտրոն։ Այժմ մարզերում արդեն իսկ գործում են ավելի քան 10 երիտասարդական կենտրոն, ընդ որում այժմ ընթանում են երիտասարդական կենտրոնների մեթոդաբանության մշակման և հաստատման աշխատանքները։ Նշենք, որ համաձայն մեթոդանության նախագծի երիտասարդական կենտրոնները պետք է իրականացնեն իրենց գործունեության պարբերական մոնիթորինգ և գնահատում, ինչը կարևոր մեխանիզմ է երիտասարդական կենտրոնների որակի բարելավման համար։ Համաձայն 2025թ․ ընդունված երիտասարդական քաղաքականության մասին օրենքի՝
երիտասարդական կենտրոնը՝ պետության կամ համայնքի կամ ոչ պետական կազմակերպությունների կողմից կամ նրանց միջև երկկողմ կամ բազմակողմ համագործակցությամբ ստեղծված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ իրավաբանական անձի կառուցվածքային ստորաբաժանում է, որն իրականացնում է երիտասարդական աշխատանք, կազմակերպում է ինտելեկտուալ ժամանց և իրականացնում է պետական երիտասարդական քաղաքականությունից բխող ծրագրեր և միջոցառումներ։
Օրենքում սահմանվել է նաև երիտասարդական ուսումնասիրությունը՝ երիտասարդական ուսումնասիրությունը՝ երիտասարդության հարցերին առնչվող հետազոտական գործունեություն է, որն ուղղված է երիտասարդների վիճակի վերաբերյալ տվյալների հավաքմանը, նրանց ակնկալիքների, ձգտումների, երիտասարդների կյանքում առկա և պոտենցիալ մարտահրավերների և հնարավորությունների, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի վրա ազդեցություն ունեցող երիտասարդների սոցիալական, հոգեբանական, տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ ազդեցությունների չափմանը։
Հիշեցնենք, որ հետազոտությունն իրականացվել է «Հայաստանի երիտասարդները հետպատերազմյան Հայաստանում. հետազոտություն և դիսկուրս» նախագծի շրջանակներում։ Նախագիծը հնարավոր է դարձել Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան աջակցությամբ։ Այս աշխատանքում արտահայտված տեսակետները և մոտեցումները պատկանում են միայն հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան դիրքորոշումը։
Հետ գնալ