Նորություններ

2026-03-26 10:19:23

Մասնագիտական քննարկում ԵՊՀ-ում․ Բուլինգի ազդեցությունը և հաղթահարման հնարավոր մեխանիզմները

Մարտի 25-ին ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում տեղի ունեցավ մասնագիտական քննարկում՝ «Բուլինգի բացասական ներգործությունը աշակերտների սոցիալականացման գործընթացի վրա» թեմայով։ Քննարկումը միավորեց 30-ից ավել տարբեր դպրոցների տնօրենների, ուսուցիչների և աշակերտների, կրթության ոլորտի փորձագետների և տարբեր կառույցների ներկայացուցիչների։

 

Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, մ․ գ․ դ․, պրոֆեսոր Ն. Հարությունյանը, ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Է. Ասրիյանը, «Վարդանանք» կրթահամալիրի տնօրեն Գ․Սողոմոնյանը, Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի տնօրեն Մ․Գալստյանը և «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» հիմնադրամի կրթական ծրագրերի համակարգող Մ․Ալեքսանյանը։

 

Քննարկմանը ելույթներ ունեցան ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի առաջատար դոցենտ, մ․ գ․ թ․ Ա. Աշիկյանը, Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հետազոտող Արևիկ Համբարձումյանը և ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ․գ․ թ․ Դ. Սարգսյանը։ 

 

Մեր կենտրոնի հետազոտող Արևիկ Համբարձումյանը ներկայացրեց հակաբուլինգային ռազմավարությունների մշակման և ներդրման միջազգային փորձը, բուլինգի ընկալումները, որոնք շեշտադրում էին, թե ինչպես են հետազոտությանը մասնակցած աշակերտները ընկալում բուլինգը աշակերտ-աշակերտ, աշակերտ-ուսուցիչ հարաբերություններում․ «Աշակերտները, բուլինգը նկարագրում են հետևյալ բառերով.
ծաղր, վիրավորանք, նվաստացում, երեխաների իրավունքների խախտում, ճնշում գործադրել, սեփական կամքը պարտադրել, անհավասար վերաբերմունք, անտեսում, հայհոյանք, անհարմար դրության մեջ դնել, չշփվել, վատ փոխհարաբերություններ և այլն»։

 

Քննարկմանը նաև տարբեր դպրոցների տնօրեններ ներկայացրին իրենց փորձը՝ բուլինգի դեպքերի հաղթահարման և կանխարգելման ուղղությամբ։ Քննարկմանը իրենց տպավորիչ ելույթներով հանդես եկան տարբեր դպրոցների աշակերտներ և ներկայացրեցին բուլինգի և բուլինգի հաղթահարման իրենց փորձառությունները՝ շեշտելով, որ բուլինգի հաղթահարումը հաջողել է բոլոր այն դեպքերում, երբ դպրոցական ողջ համայնքը և ընտանիքը սերտորեն համագործակցել են։

 

Քննարկումը հանդիսացավ շատ կարևոր և մասնագիտական հարթակ վեր հանելու բուլինգի դրսևորման հիմնական պատճառները, ձևերը և իհարկե հաղթահարման, արձագանքման, կանխարգելման հնարավոր և արդյունավետ մեխանիզմները։ Բուլինգի արձագանքման, կանխարգելման ուղղությամբ մասնակիցները շեշտադրեցին դպրոցական ողջ համայնքի, այդ թվում ուսուցիչների, աշակերտների և ծնողների համատեղ աշխատանքը, ինչպես նաև հատուկ ընդգծվեց սոցիալական մանկավարժի դերի կարևորությունը այս գործընթացում։ ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, մ․ գ․ դ․, պրոֆեսոր Ն. Հարությունյանը փաստեց, որ համալսարանը, ակադեմիական համայնքը ևս մեծ ազդեցություն ունի բուլինգի բացասական հետևանքների հաղթահարման և կանխարգելման աշխատանքներում։ Նա հավաստիացրեց, որ ԵՊՀ-ի Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը պատրաստ է շարունակել աջակցել դպրոցներին և իր մասնագիտական ներուժը ներդնել բուլինգի դեմ պայքարի գործում։ Մեր կենտրոնի տնօրեն Մ. Գալստյանը շեշտեց, որ Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնը ևս պատրաստ է իր փորձագիտական ներուժը ներդնել գործընկեր կառույցների հետ՝ բուլինգի դրսևորումների շարունակական ուսումնասիրության և արդյունավետ լուծումների մշակման ուղղությամբ։

 

Շնորհակալ ենք ԵՊՀ-ի Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ողջ անձնակազմին, ի դեմս տնօրեն Ն․ Հարությունյանի, համատեղ նման կարևոր մասնագիտական քննարկում կազմակերպելու և իրականացնելու համար, ինչպես նաև բոլոր գործընկեր կառույցներին համագործակցության, ջանքերի մեկտեղման համար, շնորհակալ ենք մասնակիցներին իրենց կարևոր փորձառությունները կիսելու համար։

 

Հիշեցնենք, որ ԵՊՀ-ի Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի հետ համագործակցում ենք վաղուց․ մեկ տարի առաջ կնքել ենք համագործակցության հուշագիր, որի նպատակներից է նաև համատեղ նման մասնագիտական քննարկումների իրականացումը։

 

Հետ գնալ

Կապ մեզ հետ

Հարցերի դեպքում գրեք մեզ

Կոնտակտային ինֆորմացիա

Երևան, Վազգեն Սարգսյան 26/3, 5-րդ հարկ, 514 սենյակ

(374) 10 56 33 74

(374) 93 75 37 40

info@e-research.am

Հետևեք մեզ