Նորություններ
2022-08-30 11:57:12
ECER 2022-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՎԱՐԵՑ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ECER 2022 համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ պանելային քննարկում «Կրթությունից դուրս մնացած երեխաների շուրջ առկա դիսկուրսը Հայաստանում» խորագրով, որը վարում էր Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի փորձագիտական թիմը՝ Մարինա Գալստյանը, Գայանե Հովակիմյանը և Արման Մելքոնյանը։
Բացման խոսքում Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի տնօրեն Մարինա Գալստյանը նշեց․ «Կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը արդիական էր մինչև համավարակը, սակայն համավարակը ավելի ընգդգծեց խնդրի կարևորությունը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում։ Ուրախ ենք, որ ԵՊՀ-ում՝ մեզ համար հարազատ բուհում ECER 2022 համաժողովի շրջանակներում կարող ենք մասնագիտական համայնքի հետ քննարկել այս թեման»։
Կենտրոնի հետազոտող Գայանե Հովակիմյանը ներկայացրեց, թե ինչպես է ձևավորվել, պատմական ինչպիսի փուլերով է անցել կրթությունից դուրս մնացած երեխաների շուրջ առկա դիսկուրսը՝ անդրադառնալով նաև իրավական կարգավորումներին․ «Անկախության առաջին տասնամյակում կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ վիճակագրական, հետազոտական տվյալները բացակայում էին։ Գործում էր «չկա տվյալ, չկա խնդիր» սկզբունքը։ Հետագայում արդեն երբ վիճակագրական տվյալներ առկա էին, իրականացվեցին մասնագիտական հետազոտություններ, հարցը սկսվեց դիտարկվել որպես հանրային խնդիր»։
Այնուհետև Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի վերլուծաբան Արման Մելքոնյանը ներկայացրեց խնդիրը գլոբալ և ազգային մակարդակներում՝ կիսվելով կրթությունից դուրս մնացած երեխաների ուսումնասիրման միջազգային փորձով և վիճակագրական տվյալներով։ Արման Մելքոնյանը ներկայացրեց հայաստանյան իրավիճակը՝ ներկայացնելով պաշտոնական վիճակագրական տվյալներ։
Պանելային քննարկում վարողները նաև անդրադարձ կատարեցին կրթությունից դուրս մնացած երեխաների ուսումնասիրման մեթոդաբանական և էթիկական խնդիրներին։ Մարինա Գալստյանը նշեց․ «Կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ ուսումնասիրություններում գերիշխում է քանակական բնութագրիչների չափումը, սակայն մեր կենտրոնը, մշտապես կարևորելով այս թեման, իրականացրել է մի շարք որակական հետազոտություններ՝ հետևելով էթիկական հիմնարար սկզբունքներին»։ Գայանե Հովակիմյանը բարձրաձայնեց էթիկական դիլեմաների հարցը, որին հաճախ բախվում են հետազոտողները թեման ուսումնասիրելիս։
Պանելային քննարկման օտարերկրյա մասնակիցները նույնպես մատնանշեցին կրթությունից դուրս մնացած երեխաների խնդրի կարևորությունը։ Խնդիրն արդիական է անգամ այն երկրներում, որտեղ պաշտոնական վիճակագրության համաձայն կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը բավականին փոքր է։
Կրթության հետազոտող Էրան Մելքմանը անդրադարձ կատարեց կրթությունից դուրս մնալու պատճառներին, նշելով․ «Կրթությունից դուրս մնալու պատճառները բավականին նույնական են անկախ երկրից՝ ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակ, ակադեմիական դժվարություններ և այլն»։
Պանելային քննարկման մասնակիցները նաև անդրադարձան և կիսվեցին իրենց երկրների փորձով, նշելով, որ Մեծ Բրիտանիայում, Հունաստանում և այլ երկրներում այս խնդիրը նույնպես արդիական է և մշտապես գտնվում է կրթության ոլորտի հետազոտողների և որոշում կայացնողների ուշադրության կենտրոնում։
Հետ գնալ